News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երևանում կազմակերպվելիք աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը ներկայացնում է շանսոնյեի կյանքին ու գործունեությանը վերաբերող շուրջ 250 հազվագյուտ ցուցանմուշներ, որոնք ներառում են հազվագյուտ լուսանկարներ, տարբեր երկրներում լույս տեսած պարբերականներ, հիշատակի թողարկումներ, ձայնապնակներ, ինչպես նաև Ազնավուրի մասնակցությամբ նկարահանված կինոնկարների ազդագրերի եզակի նմուշներ:

Ցուցադրությունը կազմակերպվել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի համատեղ ջանքերով ստեղծված հավաքածուի հիման վրա՝ որպես հարգանքի տուրք մեծանուն հայի հիշատակին:

Ցուցադրությունը բաղկացած է չորս հիմնական բաժիններից, որտեղ ներկայացվելու են եզակի ու մինչ օրս քիչ հայտնի շուրջ 50 լուսանկար, տարբեր տարիներին թողարկված մեծ և փոքր չափերի մոտ 100 ձայնապնակներ, ինչպես նաև Շառլ Ազնավուրի մասնակցությամբ տարբեր տարիներին Ֆրանսիայում և այլ երկրներում նկարահանված ֆիլմերի բնօրինակ ավելի քան 30 ազդագրեր:

Առանձին ցուցադրական նյութ են հանդիսանում 1950-2000-ական թվականներին Շառլ Ազնավուրի պատկերով լույս տեսած տասնյակ բազմալեզու ամսագրերն ու պարբերական հրատարակությունները: Ցուցադրության մեջ ներառվելու են նաև Շառլ Ազնավուրի կյանքին ու գործունեությանը նվիրված հուշամեդալներ, նամականիշեր, կրծքանշաններ, փոստային բացիկներ և այլ թողարկումներ: Առանձին հետաքրքրություն է ներկայացնում տարբեր տարիներին Շառլ Ազնավուրի ստորագրությամբ բացիկներն ու ձայնապնակները:

Հավաքածուի մաս կազմող որոշ ցուցանմուշներ կցուցադրվեն նաև Գյումրիում: Նախաձեռնողները նպատակադրված են ցուցադրության ավարտից հետո ողջ հավաքածուն նվիրաբերել Երևանում գործող Շառլ Ազնավուրի թանգարանին՝ մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ կազմակերպելու համար:

Ցուցադրության պաշտոնական բացումը տեղի Է ունենալու Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, ս. թ. մայիսի 22-ին, ժամը 16:00-ին:

Ցուցադրությունը գործելու է մինչև հուլիսի 22-ը:

Տպել
Ամենաշատ