News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ որոշումը կայացվել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, միգուցե, նաև Թուրքիայի միջամտությամբ: Պատճառները շատ դժվար է գնահատել, բայց աշխարհաքաղաքական են: Թե Ադրբեջանն ի՞նչ գին է վճարում դրա համար կամ ինչպիսի՞ սպառնալիք կամ շանտաժ են կիրառել Ռուսաստանի դեմ, ինչի՞ դիմաց է ստացվել  սա, դժվար է գնահատել: Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չի ուզել կա՛մ լրացուցիչ  կոնֆրոնտացիայի գնալ Ադրբեջանի ղեկավարության հետ, տվյալ դեպքում  նաև  Թուրքիայի, կա՛մ ինչ-որ աշխարհաքաղաքական պայմանավորվածություն է եղել այլ տեղերում Ադրբեջանի կամ Թուրքիայի որոշակի վարք ապահովելու նպատակով: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ խոսելով Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրս բերման մասին:

«Ինչ-որ բանի դիմաց է արվել: Այդ ինչ-որ բանը գործողություն է, թե՞ անգործութուն,  օրինակ, Ուկրաինայի հարցում Թուրքիայի կամ Ադրբեջանի որոշակի վարք, թե՞ այլ ուղղություններում որոշակի դրական քայլեր, արդեն ընթացքում կերևա: Մի քիչ դժվար կլինի գնահատել, թե աշխարհաքաղաքական ի՞նչ փաթեթի մաս է եղել ռուս խաղաղապահների դուրս բերումը, բայց վստահ եմ, որ պատճառները աշխարհաքաղաքական են»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու՞ է ամեն դեպքում ռուս խաղաղապահների մի մաս մնացել Արցախում, Արտակ Բեգլարյանը պատասխանեց, որ պաշտոնական որևէ հայտարարություն չի տեսել այդ մասին և քանի դեռ հայտարարություն չկա, վերապահումով է մոտենում այդ կարծիքին:

«Ավելին ասեմ, ո՞վ ասաց, որ սեպտեմբերից ի վեր հենց 1960 խաղաղապահ է եղել Արցախում: Ես կարծում եմ, որ միգուցե, դեռևս այն ժամանակ, թիվը որոշակիորեն կրճատվել էր: Բայց հիմա պետք է հասկանանք, որ կապ չունի, թե քանի խաղաղապահ կմնա, կապ ունի, ընդհանրապես խաղաղապահ կմնա՞ թե ոչ: Գոնե սիմվոլիկ ձևով, Ռուսաստանի ներկայությունը Արցախում կլինի՞, թե՞ չի լինի: Դրանից հետո, եթե իրենք մնում են, հաջորդ հարցն այն է, թե իրենք ի՞նչ լիազորություններ են ունենալու, ի՞նչ գործառույթ են կատարելու»,-ասաց Արտակ Բեգլարյանը և հավելեց, որ ակնհայտ է՝ նախկին պայմանավորվածությունները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված, արդեն սեպտեմբերից ի վեր, ընդհանրապես չեն գործում:

Նրա խոսքով, ռուս խաղաղապահների գործառույթները փաստացի չեն կատարվել սեպտեմբերից: Նրա կարծիքով, հիմա եթե նույնիսկ խաղաղապահներ մնացին,  նոր փաստաթուղթ պետք է ստորագրվի՝  նրանց գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները հստակեցնելու համար:

 Արտակ Բեգլարյանի խոսքով, ցանկալի է, որ  որոշակի միջազգային ներկայություն լիներ Արցախում: Նա հիշեցրեց, որ օրեր առաջ էլ Կարմիր խաչի ներկայացուցիչը հայտարարեց, որ Ստեփանակերտի գրասենյակը դուրս է բերվել և Բարդա է տեղափոխվել: Նրա կարծիքով, այս երկու իրադարձությունները՝ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների դուրս բերումը նշանակում է միջազգային հանրության բոլոր տեսակի ներկայացուցիչների դուրս բերում Արցախից, և հիմա արդեն Ադրբեջանը շատ ավելի անկաշկանդ է լինելու իր հանցագործությունները անելու գործում:

Հարցին, թե արդյո՞ք ռուս խաղաղապահների դուրս բերում նշանակում է, որ Արցախի էջը փակվում է բոլորի համար, Արտակ Բեգլարյանը պատասխանեց, որ դա վտանգում է արցախցիների վերադարձի հեռանկարը, բայց չի կարծում, թե դա գլխավոր գործոնն է, որ արցախցիները վերադառնան:

«Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա, չէին տեղահանվի: Եթե արցախցիները ռուս խաղաղպահների ներկայությամբ բռնի տեղահանվել են, և Ռուսաստանը գործողություններ չի կարողացել անել կամ չի արել դա կանխելու համար, արդեն նշանակում է, որ վերադարձի համար լրացուցիչ գործոններ պետք է ավելացվեին, կամ միջազգային պաշտպանության նոր մեխանիզմներ գործարկվեին, որպեսզի Արցախի ժողովուրդը վստահություն ունենա, և այնտեղ  բարենպաստ անվտանգային միջավայր ունենա հավաքական վերադարձի համար»,-հավելեց Արցախի նախկին պետնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ
Ալիեւը կիսախոստովանությունն արել է համաշխարհային համաժողովում...
Ռուսաստանը մեղսակից է այն ամենում, ինչում մեղադրում են Հայաստանի իշխանությունները. Կիրո Մանոյան
Նա վստահություն հայտնեց, որ առանց Ռուսաստանի Հայաստանի իշխանությունները չէին գոյատևի, և Մոսկվայի...
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Միջազգային միջնորդներից ոչ ոք Ղարաբաղի բանակն ահաբեկչական չի անվանել...
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ...
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
Պտուղները դեռ շարունակելու են դառը լինել...
Շահրամանյանը չէր կարող Արցախի հարց լուծել, այն լուծվել է Նիկոլ Փաշինյանի կողմից․ Արցախի թեմի առաջնորդ
Այժմ ևս հայկականացված, սրբագործված, մեր տղաների արյամբ նորից հայացած ու քրիստոնեացած...
Ամենաշատ