Անկախության փլուզումից հետո մեզ միֆական անկախություն են ուզում պարտադրել, սա նոր աղետի անոնս է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
Նա հավելել է, որ Փաշինյանի մոտ անկախության մասին սխալ պատկերացումներ են ձևավորվել։
«Նրա կարծիքով, անկախությունը հանգում է հարևանների պահանջների կատարմանը, ամեն ինչ հանձնելուն և Ռուսաստանի դեմ պայքարին: Արդեն 5 տարի մենք տեսնում ենք, որ նման անկախությունը բերում է պատերազմ, զոհողություններ, կորուստներ։ Ես այնպիսի անկախություն եմ ուզում, որի ժամանակ Հայաստանն ու Արցախը, որտեղ ապրում էր 120 հազար հայ, կապված լինեին երկու շքեղ ճանապարհներով։
Արդյո՞ք, պետք է լուրջ վերաբերվել մի մարդու հայտարարություններին, որը մի քանի տարի առաջ ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հիմա Արցախում հայ չի մնացել»,- նշել է Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով, Հայաստանի և Ադրբեջանի անունից որոշակի ստվերային շփումներ են իրականացվում, հայկական շահերի հաշվին ձեռք են բերվում որոշ պայմանավորվածություններ։
«Ակնհայտ է, որ կան խնդիրներ, և Հայաստանի իշխանությունները անկեղծ չեն հասարակության հետ։
Նրանք մեզ ստում էին բանակցությունների մասին։ Պարզվում է՝ ֆորմատ չկա։ Ո՞վ է միջնորդը։ Չկա։ Ի՞նչ փաստաթղթի շուրջ են բանակցում։ Ոչ մի փաստաթուղթ չկա։ Սահմանազատման հանձնաժողովները չեն աշխատում»,- ասել է նա։
Փորձագետը տարակուսանք է հայտնել, որ երկրի սահմանների հարցը ճշգրտվում է մի քանի գյուղի մակարդակով։
«Այս հարցը պետք է քննարկվի Ոսկեպարո՞ւմ, թե՞ Երևանի կենտրոնում։ Մենք խորը պետական ճգնաժամի մեջ ենք։ Մենք ուզում ենք Ոսկեպարի բնակիչներին վերածել 300 սպարտացիների մասին առասպելի։ Սա Ոսկեպարի կամ չորս գյուղի խնդիրը չէ, սա Հայաստանի խնդիրն է։
Պետք է պետականություն չունեցող հասարակության կարգավիճակից վերադառնանք պետություն ունեցող հասարակության»,- ընդգծել է նա։
Նրա գնահատմամբ, ճգնաժամի մեջ իրենց բացասական դերն են խաղացել Հայաստանի քաղաքական և սոցիալական վերնախավերը, որոնք կարևոր համարեցին այս գյուղերը գնալն ու վերադառնալը, մինչդեռ նման խնդիրները մայրաքաղաքներում են լուծվում։
Հովհաննիսյանը կարծում է, որ իշխանության պահպանումը (Փաշինյանի-խմբ.) պայմանավորված է նրանով, որ չի ձևավորվել լուրջ համակարգ, որը կկարողանա դիմադրել տեղի ունեցողին։
«Վեց տարի առաջնորդ ենք փնտրում, բայց չենք գտել։ Երևի պետք է մոդերատոր, որը ուժերը կմիավորի մեկ կամ երկու միավորի մեջ, որպեսզի կարողանանք ասել, որ Հայաստանն ապագա ունի հենց առանց գործող իշխանության։ Հայաստանում նոր ղեկավարությունը պետք է գա սոցիալական համախմբման և հիասթափությունը կոտրելու օրակարգով: Իրավիճակն անհույս չէ»,- եզրափակել է նա։