News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ներքին գործերի նախարարը խոսեց, թե ոստիկանության քանի ծառայողներ են անցել ատեստավորման գործընթացը. թիվն իրականում փոքր է, և այստեղ երկու մոտեցում կարող ենք տալ. Ոստիկանության տեսակետից կարող է թվալ՝ այդ պրոցեսը ձևական է, այս մեծ աղմուկը արեցին, ընդամենը, ենթադրենք, հազարավորներից 191 ծառայողի աշխատավարձ բարձրացնելու համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ՆԳՆ-ում Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այս տեսակետը գոյության իրավունք ունի, բայց մյուս կողմից՝ այս բարեփոխումների ամենամեծ իմաստն այն է, որ մենք մեր ներսում ունենանք անընդհատ առաջընթացի խթան և առաջընթացի մղում, ոչ թե լինի հրամանով, հրահանգով, այլ դա անընդհատ աշխատող մեխանիզմ լինի:

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ: Այսինքն՝ ոչ թե կառավարությունը մղի անընդհատ գործողությունների, վարչական որոշումների, այլ ոստիկաններն իրար մեջ, նաև, որ լավ օրինակը միշտ վարակիչ է: Նրանք, ովքեր գերազանցությամբ հանձնել են, հույս ունեմ, որ ոչ թե կոլեկտիվներում կդառնան, ինչպես ասում են, գայթակղության կամ բաժանության առիթ, այլ հակառակը, նոր խթան կդառնա:

Սա ոչ թե մեկանգամյա գործողություն է, այլ մեր քաղաքական որոշումն այն է, որ ժամանակ առ ժամանակ, ըստ ամենայնի, հինգ տարին մեկ ոստիկանը պետք է, թե ամեն հինգ տարի՝ ցիկլն անցնելուց հետո իր աշխատավարձն ինչքա՞ն կարող է լինել, 20 տարի հետո ինչքա՞ն կարող է լինել, որովհետև բոլորն ուզում են կյանքը երկարաժամկետ պլանավորել:

Եվ սա կարևոր գործընթաց է, և սա մենք չենք անում ցույց տալու կամ խնդիրներ ստեղծելու համար, որ չենք ուզում այդ աշխատավարձը միանգամից և ուղիղ տալ, մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում կայացնել ինստիտուտներ, կայացման հիմքում էլ դնենք զարգացման շարունակական մեխանիզմներ և մոտիվացիաներ, որպեսզի նույնիսկ առանց քաղաքական կամքի՝ այդ մեխանիզմն աշխատի, և մենք համոզված ենք լինելու, որ զարգացման այդ մեխանիզմը դրված է ծառայության և ընդհանրապես նախարարության մարմինների գործունեության հիմքում»,-ասաց Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ