Տավուշի մարզում հենակետերի փոփոխության դեպքում մեկ այլ, միգուցե ավելի բարենպաստ, պետական սահմանի առկայության պայմաններում կստեղծվեն այնպիսի կառույցներ, որոնք մենք անում ենք Հայաստանի հարավային սահմաններում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Այդ աշխատանքներն օր առաջ մշակվում են, պլանավորվում են, մեր զինվորական կառույցները մտածում են նաեւ վաղվա օրը ինչպես անեն, որ այդ խխնդիրները լուծված լինեն»,-ասաց նա:
Հարցին՝ այս պահին Հայաստանի սահմանի որքան մասն է ամրացված, իր խոսքով, «չինական պատով», Քոչարյանը պատասխանեց. «Արցախի հայաթափումից, Արցախի լուծարումից հետո ամբողջ բնագծերը փոխվեցին: Այո, 30 տարի եղել են այլ բնագծեր, բայց դրանք ամրացված չեն եղել իրավական այն գործողություններով, որոնք պետք է քաղաքական լուծում տային մեր այտեղ տեղակայված լինելուն: Մենք 1994-ի հրադադարից հետո մինչեւ 2020-ը պետք է բանակցությունների միջոցով լուծեինք ԼՂ խնդիրը: Այդտեղ տարբեր սցենարներ կային, բայց որեւէ իշխանություն որեւէ սցենար չվերցրեց իր վրա, որ կարողանար այդ խնդիրը լուծեր: բոլոր նախկին ղեկավարներն ունեին այդ հարցը լուծելու հնարավորությունը:
Բայց հիշո՞ւմ եք Վարդան Օսկանյանն ինչ հայտարարություն արեց: Նա ասաց՝ Նիկոլ Փաշինյանն ամենամեծ լեգիտիմությունն ունի: նոր իշխանության եկած ուժին պարոն Օսկանյանը խորհուրդ էր տալիս, որ նա իրացնի լավրովյան պլանը՝ չխորանալով էդ պլանի էության մեջ: Օսկանյանն անկեղծանում էր, ասում էր՝ մենք լեգիտիմ չենք եղել 10 տարի Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Փաշինյան, դու արի, դա արա: Բայց դրանից հետո, երբ հենց այնպես գալիս ես ու ասում՝ իրականացնում ենք Լավրովի պլանը, տալիս ենք ամրացված շրջանները, ինչի դիմաց, ոնց, ոչ մի բացատրություն չկա»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նա նկատեց, ոևր Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ անկեղծացել է եւ ասել, որ ինքը Արցախի էլիտաներին ասել է, որ այս հարցը պետք է լուծվի. «Բայց մի ուրիշ անկեղծացում էլ արեց Սերժ Սարգսյանը, ասաց՝ ես դա արեցի, որովհետեւ քառօրյա պատերազմի ժամանակ զգուշացրեցի, որ տեսեք, թե ոնց է Արցախը լքում հենց Արցախի բնակչությունը Լաչինի միջանցքով: 2016-ին Սերժ Սարգսյանը ուներ հնարավորություն լուծելու հարցը, բայց նույն Արցախի էլիտաները չհամաձայնեցին: Հիմա Օսկանյանն ասում է՝ Փաշինյան, դու արա, հետո մենք կարմիր դրոշ կբարձրացնեինք, կգայինք, բոլորիդ կուղարկեինք գրողի ծոցը, կասենք՝ վայ, չստացվեց, որովհետեւ Փաշինյանը չլուծեց հարցը:
Այստեղ Փաշինյանի լուծերլիք հարցը չէր. Այստեղ մենք տասնյակ տարիներ անկեղծ չենք եղել մեր ժողովրդի հետ, ասել ենք՝ սա է քարտեզը, դա մերն է, ինչ տեսնում եք: Բայց իրականում դա մերը չի եղել: Իսկ հիմա առաջին անգամ իշխանությունն ասում է՝ Հայաստանի սահմանը պետք է ֆիքսենք եւ այդ սահմանը պետք է լինի անխախտելի»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը: