Lufthansa գերմանական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է չվերթներն Իրանի մայրաքաղաք Թեհրան՝ Մերձավոր Արեւելքում սրացման բարձր ռիսկի պատճառով, տեղեկացրել է Reuters-ը։
Չորեքշաբթի Lufthansa-ն տեղեկացրել էր, որ դադարեցնում է չվերթները Թեհրան առնվազն ապրիլի 10-11-ին՝ նկատի ունենալով թեժացման զգալի վտանգը տարածաշրջանում այն բանից հետո, երբ Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը իսրայելական հարված էր հասցվել, որի հետեւանքով զոհվել են իրանցի զինվորականներ, ներառյալ մի քանի գեներալներ։ Թեհրանը դրանում մեղադրել է Իսրայելին եւ ԱՄՆ-ին։
Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին հայտնել է, որ «Իսրայելը պետք է պատժվի եւ կպատժվի»։
«Մենք մշտապես հետեւում ենք Մերձավոր Արեւելքի իրավիճակին եւ սերտ կապ ենք պահպանում իշխանության մարմինների հետ։ Մեր հաճախորդների եւ անձնակազմի անդամների անվտանգությունը մեր բարձրագույն առաջնահերթությունն է»,- մեկնաբանել է ավիաընկերության ներկայացուցիչը։
Lufthansa-ն եւ նրա Austrian Airlines դուստր ընկերությունը միակ արեւմտյան ավիագծերն են, որոնք միջազգային չվերթներ են կատարում Թեհրան։ Չվերթների մեծ մասը իրականացվում է ընկերությունների կողմից Թուրքիայից եւ Մերձավոր Արեւելքից։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը Իսրայելին կարող է հարվածել առաջիկա օրերին։