Նորվեգիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն։ Այս մասին նշվել է Նորվեգիայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունում։
«Նորվեգիայի կառավարությունը որոշել է, որ Նորվեգիան ճանաչում է Պաղեստինը որպես պետություն։ Պատերազմի թեժ պահին, երբ սպանվել եւ վիրավորվել են տասնյակ հազարավոր մարդիկ, մենք պետք է պաշպանենք միակ այլընտրանքը, որն առաջարկում է քաղաքական լուծում ինչպես իսրայելցիներին, այնպես էլ պաղեստինցիներին. երկու պետություն, որոնք խաղաղ եւ անվտանգ ապրում են կողք կողքի»,- կայքում մեջբերվել են Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գարա Սթյորեի խոսքերը։ Նա նաեւ ընդգծել է, որ Պաղեստինի ճանաչումն անհրաժեշտ է «չափավոր ուժերի աջակցության համար, որոնք կորցնում են դիրքերն այս ձգձգված եւ դաժան հակամարտությունում»։
«Նորվեգիայի կողմից Պաղեստինը պետություն ճանաչելը ուժի մեջ կմտնի երեքշաբթի՝ 2024թ. մայիսի 28-ին։ Նույն օրը եվրոպական մի շարք այլ համախոհ երկրներում նույնպես Պաղեստինը պաշտոնապես կճանաչեն։ Այդ երկրները կանեն իրենց սեփական հայտարարությունները»,- նշվել է հաղորդագրությունում։
Ապրիլի վերջին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ մինչեւ մայիսի վերջ Պաղեստինը կճանաչեն Եվրամիության մի շարք երկրներ։ Ներկայում եվրոպական պետություններից Պաղեստինի անկախությունը ճանաչում են Բուլղարիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան, Շվեդիան։ Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչում են ՄԱԿ 193 երկրներից 143-ը, այդ թվում Ռուսաստանը։