News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դեսպանատունը հանձնառու է աջակցել իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների խթանման, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և կոռուպցիայի վերացման ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից՝ արձագանքելով Հայաստանի դատափորձագիտական ամենախոշոր կառույցի՝ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի անկախությանը միջամտելու փորձերի վերաբերյալ հրապարակումներին:

«Դեսպանությունը երկարամյա և արդյունավետ հարաբերություններ ունի Հայաստանի իրավապահ և արդարադատության ոլորտի կառույցների, այդ թվում՝ Փորձաքնությունների ազգային բյուրոյի հետ։ Մենք հանձնառու ենք աջակցել իրավունքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների խթանման, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և կոռուպցիայի վերացման ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերին»,-NEWS.am-ի հարցմանն ի պատասխան նշել են դեսպանատնից:

Նշենք, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2004թ. հուլիսի 22-ի թիվ 1127-ն որոշմամբ՝ «2001թ. հունիսի 11-ի ՀՀ Կառավարության և ԱՄՆ-ի Կառավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: Ամերիկյան կողմի պահանջով կառույցը կազմավորվել է ԳԱԱ-ի կազմում՝ այդպիսով փորձելով զերծ պահել իրավապահ տարբեր կառույցների ազդեցությունը տվյալ ոլորտի նկատմամբ, իսկ Բյուրոյի զարգացման հարցում մեծ ներդրում է ունեցել հատկապես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթը տեղի կունենա մայիսի 30-ին: Բյուրոյի տնօրենին ընտրելու է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, որի կազմում են ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ էին ներկայացրել Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Հայկ Ծատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինը՝ նախկին զինդատախազ Գևորգ Մարգարյանը, ԱՆ «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում հաղթելու համար 2018թ. առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար մեղադրված և մեղքն ընդունելու արդյունքում համաներված  Գարիկ Աղաբեկյանը, ինչպես նաեւ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Հովսեփյանը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ  թեկնածուներից Հայկ Ծատուրյանը հրաժարվել է մասնակցել ընտրությանը, քանի որ չի համապատասխանում ԳԱԱ համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին ներկայացված պահանջներին, մասնավորապես չունի գիտակազմակերպական աշխատանքի փորձ:

Ըստ մամուլի հրապարակումների՝ դատախազությունը Բյուրոյի տնօրեն է փորձում «դարձնել» գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն՝ Գևորգ Մարգարյանին: Վերջինս մինչև 2023-ն աշխատում էր ապօրինի գույքի բռնագանձման գործով անցնող «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ում, որպես իրավախորհրդատու:

Մայիսի 17-ին Փորձաքննությունների բյուրոյի գիտական և գիտատեխնիակական գործունեություն իրականացնող անձնակազմի ժողովին հաջորդած տնօրենի թեկնածուների վերաբերյալ փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Բյուրոյի գիտական անձնակազմի 125 անդամներից միայն մեկն էր քվեարկել Մարգարյանի օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ