Թուրքիայի կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (AK Parti) պատրաստվում է իր պատմության մեջ ամենախոշոր կադրային փոփոխություններին տեղական ընտրություններում կրած պարտությունից հետո, տեղեկացրել է Ekonomim թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ի ընտրություններից հետո հայտնել է, որ կառավարությունը դասեր կքաղի ինքնակառավարման տեղական մարմինների անցած ընտրություններից։ Այդ ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը առաջին անգամ 20 տարվա ընթացքում առաջ անցավ կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունից։ Մեծ քաղաքների՝ Անկարայի, Ստամբուլի եւ Իզմիրի ընդդիմադիր քաղաքապետերը պահպանեցին պաշտոնները։ Փորձագետները կառավարող թիմի անհաջողության պատճառ են նշել երկրի ծանր տնտեսական վիճակը։
«23 տարվա ընթացքում իշխանության գտնվելով եւ հաղթելով յոթ համընդհանուր ընտրություններում, չորս տեղական ընտրություններում, երեք նախագահական ընտրություններում եւ երեք հանրաքվեներում՝ AK Parti-ն պատրաստվում է ինչպես իր պատմության մեջ ամենամեծ կադրային փոփոխություններին, այնպես էլ քաղաքականության փոփոխությանը մարտի 31-ի ընտրություններում պարտվելուց հետո»,- գրել է պարբերականը։
«AK Parti-ի անդամները նշում են, որ ընտրողները ազդանշան են տվել փոփոխությունների անհրաժեշտության մասին ոչ միայն կուսակցական կադրերում եւ կուսակցության քաղաքականությունում, այլեւ կառավարության քաղաքականությունում եւ կադրերում։ Լուրեր են պտտվում, որ նահանգներից եւ օկրուգներից հետո փոփոխություններ կկատարվեն նաեւ կառավարության անդամների կազմում։ Կարծիք կա, որ իրական փոփոխությունները կուսակցությունում տեղի կունենան հերթական համագումարից հետո, որը նախատեսված է աշնանը»,- ավելացրել է պարբերականը։