News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 01
Տեսնել լրահոսը

Մայիսի 15-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ Աշխատանքի տոնավաճառ՝ ոչ միայն ՀՊՏՀ ուսանողների և շրջանավարտների, այլև բոլոր աշխատանք փնտրողների համար։ Արդեն 4-րդ տարին անցկացվող Աշխատանքի տոնավաճառը համախմբել էր պետական գերատեսչությունների, տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 70 գործատուների և հազարավոր աշխատանք փնտրողների։

Համալսարանից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ով ՀՊՏՀ ռեկտորի  ժ/պ Արմեն Գրիգորյանի ուղեկցությամբ  շրջեց տաղավարներով, զրուցեց գործատուների և տոնավաճառի մասնակիցների հետ։

Աշխատանքի տոնավաճառում իրենց թափուր հաստիքներն էին ներկայացնում ինչպես պետական կառույցները, այնպես էլմասնավոր հատվածի խոշորագույն ընկերությունները՝ առևտրային բանկերը, ապահովագրական ընկերությունները, վարկային, կրթական, հաշվապահական և աուդիտորական, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, հյուրանոցային և այլ ոլորտների ընկերությունները, որոնք ներկայացնում էին 500-ից ավելի թափուր հաստիքներ։
Աշխատանքի տոնավաճառը բաց էր բոլոր աշխատանք փնտրողների համար, ուստի ՀՊՏՀ ուսանողների, շրջանավարտների հետ իրենց CV-ները և տվյալներն էին նախընտրելի գործատուներին թողնում նաև բոլոր աշխատանք փնտրողները։ Այցելուները տաղավարներում ծանոթանում էին մասնակից կառույցներին և ընկերություններին, մանրամասն տեղեկատվություն էին ստանում թափուր հաստիքների, պահանջվող որակավորումների և հմտությունների, առկա պրակտիկայի հնարավորությունների մասին։

ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը, կարևորելով արդեն 4-րդ տարին անցկացվող տոնավաճառը, նշեց, որ այն աշխատանք գտնելու լավ հնարավորություն է ոչ միայն  ՀՊՏՀ ուսանողների, այլև բոլոր աշխատանք փնտրողներիի համար։«Մեր համալսարանը շատ մեծ ուշադրություն է դարձնում իր շրջանավարտների և բակալավրիատի բարձր կուրսի ուսանողների՝ աշխատաշուկայում արագ ինքնաիրացմանը, ինչը մեզ տալիս է նաև մրցակցային առավելություն»,-ասաց բուհի ղեկավարը՝ հավելելով, որ Տնտեսագիտական համալսարանի բակալավրիատի ավարտական կուրսերում մենք ունենք 74%  մասնագիտական կայուն աշխատանքի առկայություն, իսկ մագիստրատուրայում՝ շուրջ 90%:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ևս կարևորեց ավադույթի վերածված ՀՊՏՀ նախաձեռնությունը՝ նշելով, որ Աշխատանքի տոնավաճառը ուսանողների համար առաջին աշխատանքը գտնելու, ինչպես նաև գործատուների պահանջներին ծանոթանալու լավ հնարավորություն է։

Տոնավաճառից հետո կայացավ «ՀՊՏՀ. աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողով, որին մասնակցեցին հանրապետության առաջատար կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները և քննարկեցին աշխատաշուկայում առկա հիմնախնդիրները։

Տպել
Ամենաշատ