Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ, մենք չենք տրվելու այդ սադրանքներին: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Արարատ Միրզոյանը «դասալիքներ» էր անվանել այն դիվանագետներին, որոնք միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն ու կազմել են սահմանազատման և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայեցակարգը:
«Մենք մտահոգված ենք, երկիրը սխալ ուղղությամբ է գնում, և որոշ սխալներ կարող են անդառնալի հետևանքներ թողնել: Հատվածային սահմանազատումը մեծ խնդիրների է հանգեցնելու՝ սկսած մեթոդաբանությունից, վերջացրած արդյունավետությամբ: Սրանք, ամենամեղմ ձևակերպմամբ, վատ բանակցություններ են, որոնք բերելու են շատ լուրջ հետևանքների՝ և՛ սահմանագծի առումով, և՛ դիմացի կողմին խրախուսելու են ավելի մեծ ճնշում իրականացնել հայկական կողմի վրա: Սա վատ դիվանագիտություն է, եթե ընդհանրապես, կարելի է անվանել դիվանագիտություն»,-հավելեց Արտակ Ապիտոնյանը:
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ճիշտ է առանց միջնորդների բանացություններ վարելը, Արտակ Ապիտոնյանն ասաց, որ առանց միջնորդների էլ կարելի է բանակցել, բայց պետք է իմանալ՝ ինչ են բանակցում և ոնց: