Հայաստանի մի խումբ ռադիոսիրողներ այսօր, մայիսի 9–ին, Կոտայքի մարզի Գետարգել գյուղում (Բալահովիտի մոտ) հնչեցրեցին օրվա այս տարվա ազդականչը` EK79V, որը խորհրդանշում է Հաղթանակի 79-րդ տարեդարձը: Ազդականչին միացան ռադիոսիրողներ եւ ռադիոօպերատորներ աշխարհի տարբեր կետերից` փոխանակվելով իրենց ռադիոհաղորդագրություն-շնորհավորանքներով: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ ռադիոսպորտի ֆեդերացիան Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աջակցությամբ
Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Հայրենականի մասնակիցների հիշատակին` մեկ անգամ եւս անդրադառնալով հայերի մասնակցությանն ու սխրագործություններին:
Ռադիոկապի բացառիկությունը գնահատող մասնագետներն իրենց գիտելիքներով եւ հմտությամբ կիսվեցին են նաեւ միջոցառմանը ներկա աշակերտների հետ: Ռադիոկապով հետաքրքրված աշակերտները հնարավորություն ունեցան կատարել որոշակի առաջադրանքներ` փորձելով ռացիաներով աշխատանքի իրենց կարողությունները: Սա Բաց դռների յուրօրինակ օր էր ներկաների համար` Ռուս -հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ուսումնա-վարժական տարածքում:
ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիան, որի նախագահն է «Արաբկիր» Բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Արման Բաբլոյանը, տարբեր ծրագրեր է իրականացնում` դպրոցականների եւ ուսանողների շրջանում ռադիոսպորտի եւ ռադիոկապի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, այն պահելու եւ զարգացնելու ուղղությամբ:
Արդեն 10 եւ ավելի տարիներ ֆեդերացիայի աջակցությամբ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի դպրոցում գործում է ռադիոտեխնիկայի խմբակ: Ֆեդերացիայի երիտասարդ անդամները հատկապես տպավորված են Ամբերդում եւ Բյուրականում անցկացված մրցույթներից. «Աղվեսաորսի» մասնակիցները պետք է որոշակի տեղանքում կարողանային «որսալ» թաքնված ռադիոընդունիչներ: Նման մրցույթները հետաքրքրում են հատկապես այն աշակերտներին եւ ուսանողներին, որոնք ինժեներական գիտության մեջ առաջ գնալու հավակնություններ ունեն: