News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է, որ  «Գոյ» թատրոնը դառնա մասնավոր և գործի այդ հիմունքներով: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր  Սարգիս Արզումանյանը: «Այս պահին քննարկումներ են ընթանում, թե պետությունն ի՞նչ կերպ է աջակցելու մասնավոր թատրոնին: Քննարկումներ են ընթանում նաև թատրոնի տեղի հետ կապված, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ մասնավորեցումից հետո էլ թատրոնը գործի իր հին տեղում»,-ասաց Սարգիս  Արզումանյանը:

Թատրոնի կառավարման խորհրդի նախագահի խոսքով՝ նախարարության աշխատակիցների հետ բանակցություններին զուգահեռ ընթանում են նաև դատական նիստերը: «Մենք վիճարկել էինք պետական ռեգիստրի թատրոնի գրանցման ապօրինի կասեցումը: Վաղը այդ գործով դատական նիստն է»,-ասաց Սարգիս Արզումանյանը՝ հավելելով, որ նախարարության հետ քննարկումների ընթացքում դատական գործերի կասեցման մասին խոսք չի գնացել: 

Հիշեցնենք՝  կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ,  չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։ Իսկ մարտի վերջից փակվել էր թատրոնի դուռը և դերասանները չէին կարողանում մուտք գործել և փորձեր անել։

Դրանից հետո «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր  Սարգիս Արզումանյանը անժամկետ նստացույց էր հայտարարել։ Ապրիլի 8-ին նա ժամանակավոր դադարեցրեց այն՝ հայտնելով, որ ԿԳՄՍ նախարարությունից ունեն արձագանք, որ ցանկություն կա հանդիպելու, խոսելու, բանակցելու և այս ամենը կազմակերպելու։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ