News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Սերգեյ Հարությունյանը, ով հիմա ագրարային համալսարանի դասախոս է, 1986-ին ընդգրկված է եղել Տավուշում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վարչական շրջանների ճշգրտման հայկական հանձնաժողովում, որը գլխավորել է Վլադիմիր Մովսիսյանը:

NEWS.am-ի հետ զրույցում նա մանրամասներ հայտնեց այդ աշխատանքներից:

Նրա խոսքով, այդ ժամանակ խնդիրը դրված է եղել վերականգնել հողօգտագործողների սահմանները, իսկ հողօգտագործողներ կարող էին լինել կոլխոզները, սովխոզները:

«Վարչական սահմանը վերականգնելու համար եղել է երեք հիմնական հանձնաժողով՝ հայկականը, որը գլխավորել է Վլադիմիր Մովսիսյանը, ադրբեջանական հանձնաժողովը ղեկավարել է Ռասիզադեն, եւ կային Ռուսաստանից մասնագետներ: Հայկական հանձնաժողովւմ մասնագետները եղել ենք ես, Հենրիկ Վարդանյանը և Վանիկ Խաչատրյանը:

Եթե վեճ էր առաջանում, ռուսները գալիս էին, մասնագիտորեն ասում էին՝ սա է ճիշտը: Մենք էլ որպես մասնագետներ, ընդունում էինք իրենց ներկայացրած խորհուրդները: Որքան հիշում եմ՝ սահմանազատումը 3-4 տարի տեւեց: 

Հիմա էլ մասնագետները պետք է վերականգնեն այն կետերը, որոնք գոյություն ունեն: Այդ կետերը ամրացնում էին երկաթբետոնե 1,20 մետր բարձրությամբ սյուներով : 60 սմ հողի տակ էր թաղվում, 20 մ փոս էին փորում եւ 20 սմ երեւում էր, եւ դրա վրա ցույց էր տալիս հաջորդ կետի ուղղությունը: Դա հողօգտագործողների սահմաններն էին, դա ոչ մի կապ չուներ պետական սահմանի հետ: Մենք միայն վարչական սահմաններն ենք ճշգրտել»,-ասաց Հարությունյանը:

Նա նկատեց, որ սահմանազատումը պետք է արվի կոորդինատներով ու քարտեզներով, որոնք կան. «Մենք այդ ժամանակ վարչական շրջանները հստակեցրել ենք 1945 թվականի քարտեզով: Հիմա եթե կոորդինատներով աշխատեն, Հայաստանը տարածք չի կորցնի:  Գոյություն ունի կոորդինատային համակարգ, դրանով պետք է վերականգնվի սահմանը:

Օրինակ, լինում էր դեպք, որ սահմանի վրա հայտնվում էր շենք կամ գոմ: Այդ ժամանակ որոշում էին, մի քիչ տեղափոխել, մեկ այլ վայրում մեզ հատուցում էին: Այդպիսի դեպք եղել է: Բայց այնպիսի բան չի եղել, որ տան միջով կամ գյուղի միջով անցներ: Գործընթացը շատ նորմալ է անցել, որովհետեւ միայն մասնագիտական մոտեցում է ցուցաբերվել: Յուրաքանչյուր կոորդինատ ճշտվում էր, երեք կողմի մասնագետները պետք է համոզվեին, որ դրված կետը ճիշտ է»,- ընդգծեց Սերգեյ Հարությունյանը:

Հարցին՝ իր կարծիքով հիմա ճի՞շտ է տեղի ունենում սահմանազատումը եւ արդյոք հնարավոր է այդքան արագ դա իրականացնել, նա պատասխանեց. «Հիմա ես չեմ կարող ասել, թե որքանով է ճիշտ տեղի ունենում սահմանազատումը, որովհետեւ դա մասնագիտական հարց է, պետք է ճշտվի: Այո, հնարավոր է 2-3 օրում 30 սյուն տեղադրել, եթե պրոբլեմ չկա եւ ճիշտ կոորդինատներով տեղադրում են եւ երկու կողմը համաձայն են: Բայց մի քիչ կասկածելի է:

1990-ից մինչեւ 1993-ի փետրվարը մեր ամբողջ տարածքը սեփականաշնորհվել է: Եթե մերը չլիներ՝ չէին սեփականաշնորհի: Այսինքն այն տները, որոնք սեփականության իրավունք ունեն, դրանք մեր տարածքն են:

Վարչական շրջանների ճշգրտումից հետո դրանք նկարագրվել են փաստաթղթերում: Այդ  փաստաթղթերը պետք է լինեն մեզ մոտ, ադրբեջանցիների մոտ, ռուսների մոտ, եւս մեկ օրինակ շրջնում եւ մեկ օրինակ գյուղում: Բայց մեզ մոտ այդ թղթերը չկան, չգիտեմ՝ ինչ է եղել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ