News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 02
Տեսնել լրահոսը


Երբ մեքենան մխրճվում է մարդկանց բազմության մեջ, դա երեւում է կադրերում, պետք չի գալ, այստեղ ապոկալիպտիկ բաներ նկարագրել: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 3-ի նիստին ՄԻՊ-ի՝ 2023 թվականի գործունեության հաղորդման շրջանակում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Տավուշում տեղի ունեցած միջադեպին:

«Ակնհայտորեն երեւում է, որ ինչ-որ երիտասարդներ ոգեւորվել են եւ կոտրում են այդ մեքենայի ապակիները (խոսքը ԵԿՄ-ի մեքենայի մասին է-խմբ): Սրա նախադեպերն էլ են եղել: Երեւանի կենտրոնում հարձակվում էին մարդկանց մեքենաների վրա եւ դիմապակիներ էին կոտրում: «Սիրելինե՛րս, այնպիսի տպավորություն է՝ կարծես դուք դիմապակիների դեմ պատերազմ  հայտարարած լինեք, պետք չէ կոտրել քաղաքացիների մեքենաները: Հետո պետությանը մեղադրում եք, որ այդ մարդկանց նկատմամբ, որ մեքենայի վրա են հարձակվել, գործ են հարուցել, դատավորն էլ կալանքի որոշում է կայացրել:

Կիրանցեցիների, սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի հույզերը հասկանում եմ, և խնդրելու եմ մի փոքր վստահություն և համբերություն ունենալ, և մենք այս ճանապարհը միասին կանցնենք: Հարցը դա չի, հարցն այն է, որ կարո՞ղ է դուք եւ որոշ քաղաքական գործիչներ այնքան ստեր են ասում, ամեն օր ասում են՝ Հայաստանից գյուղեր տրվեցին, թուրքը եկավ, մեր բարձունքները գրավեց, այնքան եք մարդկանց հույզերի վրա ազդում, որ անթույլատրելի նման հաներ են անում»,- հայտարարեց Արշակյանը:

Անդրադառնալով պետության դերին, Հակոբ Արշակյանն ասաց. «Ի՞նչ է պատահել, քաղաքացիների մի հատվածը փակել է ճանապարհը (չեմ ողջունում ամենևին, միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ, և  չի կարելի նման բան անել), մյուս հատվածն էլ ուզեցել է անցնել մեքենայով այդ ճանապարհով: Այսինքն՝ նրա իրավունքն այդ մեքենայով ճանապարհ անցնելն է, մյուսն էլ իր բողոքի ակցիան է իրականացնում:

Այն մարդիկ, որոնք ճանապարհը փակել են, հարձակվել են մեքենայի վրա, կոտրել են: Հիմա պետության դերը ո՞րն է, երբ գալիս եք, մեղադրում եք, թե մեքենան կոտրում են, իրավապահները քայլեր են ձեռնարկում: Բա ի՞նչ պետք է անեն, պետք է թողնեն, որ երկու քաղաքացիները իրար հետ հաշվեհարդա՞ր տեսնեն: Պետք է ամեն ինչը օրենքին համապատասխան ձևով կասեցնեն, ոնց որ հրաշալի արել են, և արել են նաև անցած տարի Երևանի կենտրոնում, և ճիշտ են արել:

Չի կարելի, անթույլատրելի է, որ քաղաքացիներն իրենց իրավունքներն իրացնելիս մեկը մյուսի մեքենաները սկսեն կոտրել: Ես անթույլատրելի եմ համարում նման պահվածքն արդարացնող որևէ խոսույթ: Չի կարելի մեքենաներ կոտրել, մարդկանց ահաբեկել, ստեր խոսելով  ծայրահեղություններ արդարացնել»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:

Հակոբ Արշակյանը նաև կարծիք հայտնեց, որ ԱԺ ամբիոնից հնչող յուրաքանչյուր խոսք պետք է լինի ոչ թե ուղղորդող, որ էլի ծայրահեղություններ լինեն, այլ բալանսավորող, որպեսզի դրանք այլևս տեղի չունենան: Նա նաև հորդորեց սուտ լուրեր տարածելով չազդել կիրանցեցիների հույզերի վրա:

«Մենք այս բարդ ճանապարհը պետք է միասին անցնենք: Եվս մեկ անգամ ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին սահմանամերձ գյուղերի և խնդրել, որպեսզի մենք փոխվստահությամբ իրար հետ այս ճանապարհն անցնենք: Մենք որևէ բան ձեր մեջքի հետևում չենք անելու, չենք անում: ՀՀ սուվերեն տարածքից որևէ մետր, միլիմետր, սանտիմետր չի զիջվելու, դա հնարավոր էլ չէ մեր օրենսդրությամբ, և մենք պետք է այս ճանապարհն անցնենք»,- ասաց Հակոբ Արշակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ