ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը, ըստ ԱՄՆ դեպարտամենտի մամուլի ծառայության՝ քննարկել են անհապաղ հրադադարի հասնելու ջանքերի հարցը, ինչը կապահովի պատանդների ազատ արձակումը և Գազայի հատվածում կօգնի թեթևացնելու պաղեստինցիների տառապանքը:
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ գործարքից ՀԱՄԱՍ-ի հրաժարումն է հակամարտության շարունակման պատճառը: Նա հորդորել է գործադրել բոլոր ջանքերը՝ համոզելու համար ՀԱՄԱՍ-ին՝ ընդունելու բանակցությունների սեղանին դրված անհապաղ հրադադարի առաջարկը:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայության՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ Գազայում կոտորածը հնարավորինս արագ դադարեցնելու, մշտական հրադադարի հաստատման և Գազային մարդասիրական օգնություն հասցնելու համար։