News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ, սակայն Ռուսաստանի հետ համագործակցությունը նույնպես շարունակվում է:

Պատասխանելով այդ ոլորտում հայ-ամերիկյան հնարավոր փոխգործակցության վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին: Հետաքրքրվեցինք, թե այդ ուղղությամբ արդեն ընթանո՞ւմ են քննարկումներ և ի՞նչ շրջանակ են դրանք ներառում:

Հարցի վերաբերյալ Հակոբ Վարդանյանը նշել է. «Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/էներգաբլոկների կառուցման շրջանակներում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որում ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ: Նրանց փոխանցվել են թեմայի վերաբերյալ ձևակերպված մոտեցումներն ու պատկերացումները: ԱՄՆ-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունների և ծավալների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումն այս փուլում նպատակահարմար չենք համարում»:

2022 թվականին Դուբայում «Ռոսատոմ»-ը և Հայկական ԱԷԿ-ը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի տարածքում ռուսական նախագծով միջուկային նոր էներգաբլոկների կառուցման շուրջ հնարավոր համագործակցությունը ուսումնասիրելու նպատակով։ Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին Երևանում կայացած Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրվել էր Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու մասին համաձայնագիր: Հայաստանը մտադի՞ր է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ և արդյոք դա չի խանգարի՞ ամերիկացիների հետ փոխգործակցությանը:

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցությունը կրում է շարունակական բնույթ և ներկայումս ընթանում է էներգետիկայի բնագավառի մի շարք ուղղություններով: Որևէ պետության հետ համագործակցությունը չի դիտարկվում և չի կարող դիտարկվել ի վնաս մեկ այլ պետության»,- նշել է փոխնախարարը:

Հայաստանի կառավարությունը հայտարարել է նոր ԱԷԿ կառուցելու մտադրության մասին: Ո՞ր փուլում են այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, ի՞նչ տիպի և հզորության պետք է լինի նոր ատոմակայանը:

«Ներկայումս իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան հասկանալ, թե Հայաստանի պարագայում որ տեխնոլոգիան և ինչ հզորության կայանն առավել արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինի»,- հայտնել է Հակոբ Վարդանյանը:   

Ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում քննարկել էին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները: Հանդիպումից հետո Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացմանը և էներգետիկ անվտանգության ապահովմանը:

«Մենք առաջարկում ենք երկու ճանապարհ: Առաջնային է գործող ատոմակայանի անվտանգության և արդյունավետության ուսումնասիրությունը: Հայաստան-ԱՄՆ գործընկերությունը դիտարկում է միջուկային ոլորտում հնարավոր էներգետիկ համագործակցության տարբերակները։ Ամենից առաջ պետք են գիտական փոխանակումներ՝ հնարավոր հետազոտության բաղադրիչը ուսումնասիրելու համար: Դրան կհաջորդեն ատոմակայանի փոխարինելիության և, վերջապես, ֆինանսական բաղադրիչի գնահատման հարցերը»,- նշել էր Ջեյմս Օ’Բրայենը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսին ստեղծվել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման միջգերատեսչական աշխատանքային խումբ: Ներկայումս գործող Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը: Վերջին տարիներին կայանում կատարվել են շահագործման երկարաձգմանը միտված տեխնիկական արդիականացման աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Ամենաշատ