News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Կառավարության ներկայիս գործելաոճը, բարեփոխումների վերաբերյալ Գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկներին չարձագանքելը և անընդհատ դրանց խոչընդոտելը կարող է հետաքրքրել այն կառույցներին, որոնք պետք է հոգ տանեն երկրի անվտանգության մասին։ Այս մասին այսօր, ապրիլի 23–ին, ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանը։

«Չբավարարել Ակադեմիայի պահանջը, որտեղ պարզ իրենք նշում են, որ անհրաժեշտ են ակադեմիական համակարգի բարեփոխումներ, անընդհատ այդ առաջարկներին չարձագանքելը և ընդհանրապես քայլեր չձեռնարկելը... Այս ամենը նույնիսկ խարխլում է պետականության հիմքերը, և, կարծում եմ, պատկան մարմինները կարող են հետաքրքրվել նրանցից, թե ինչո՞ւ են խոչընդոտում այդ բարեփոխումները», – ասաց նա։

Ժողովի ամբիոնից,  դիմելով ներկա պետական այրերին, Գեվորգ Սաֆարյանը հարց հնչեցրեց, թե ինչո՞վ է պայմանավորված նման գործելաոճը, երբ կառավարությունը  խոչընդոտում  է առկա համակարգի բարելավմանը նոր համակարգի ձևավորմանը զուգահեռ։

Նա պարզաբանեց, որ առկա խնդիրներից ելնելով Գիտությունների ազգային ակադեմիան արդեն մի քանի տարի է, ինչ առաջարկում է բարեփոխումների իր փաթեթը, որին սակայն պատկան մարմինները չեն արձագանքում։

«Նախարարությունն իր հերթին առաջարկել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, որն իր մեջ պարունակում է բազմաթիվ ռիսկեր։ Իմաստային հիմքը ամուր չէ։ Աշխատանքները կազմակերպչական առումով, իմաստային առումով լավ չեն կազմակերպված, որովհետև շինարարությունը ավելի առաջ է ընկած, քան բովանդակությունը։ Եվ անընդհատ պրոցես կա խոչընդոտելու ակադեմիայի բարեփոխումները, որոնք արդեն մի քանի տարի է առաջարկվում են։

Մինչև նորը ձևավորվի, ռիսկերը փակվեն, ինչո՞ւ չեն արվում այն մինիմալ քայլերը, որոնք կարող են առողջացնել, էլ ավելի արդյունավետ դարձնել այսօրվա համակարգը։ Ինչո՞ւ ենք թողնում, որ անընդհատ այս քայքայման պրոցեսը շարունակվի, չենք անում այն մինիմալ քայլերը, որոնք ռեսուրսատար չեն, մինչև որ կձևավորվի նոր համակարգի ամբողջ պատկերը։ Հարցս ուղղված է պետական այրերին», – ասաց Գևորգ Սաֆարյանը։

«Գիտուժ» նախաձեռնության անդամի հարցադրմանը արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, որը նշեց, որ այս հարցի պատասխանը հետևյալն է. վերջին երեք տարիների ընթացքում գիտության բյուջեն կրկնապատկվել է։

«Գիտության կառավարման հետ կապված մարտահրավերները առկա են։ Այնուամենայնիվ, քննարկումներն ընթանում են, ու այնպես չէ, որ կառավարությունը կամ պետական այրերը միտված են ինչ–որ քայքայիչ կամ խոչընդոտող  գործողություններ կատարել։ Եթե նման նպատակ լիներ, ամենևին էլ չէր բարձրացվի գիտության ֆինանսավորումը, ինչպես չէր բարձրացվել դրանից տաս տարի առաջ», – ասաց նա։

Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ օրերս ԱԺ–ում ԳԱԱ ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել քննարկում։ Նա խոստացավ, որ մոտ ժամանակներում Ազգայն ժողովում ևս մեկ քննարկում կանցկացվի ԳԱԱ ներկայացուցիչների և կառավարության անդամների մասնակցությամբ, և կծավալվի «պոզիտիվ բանավեճ»։

«Ակադեմիական քաղաքը ոչ թե ստեղծվում է ինչ–որ մի բանի փոխարեն, այլ ստեղծվում է, որպեսզի մենք ունենանք թռիչքային զարգացում գիտության և կրթության ոլորտում։ Որևէ բան այլ բանի հաշվին չի արվում», – ասաց նա։

Տպել
Ամենաշատ