Իրականացվում է լավ ծրագրված ռազմավարություն՝ ուղղված հայ հասարակությանը մեր հակառակորդների կամքը պարտադրելուն։ Այս մասին ապրիլի 22-ին «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր-դիվանագետների ասուլիսում ասել է ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Արա Այվազյանը։
Ըստ նրա, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների որոշումը ներկայացվել է որպես դիվանագիտական հաղթանակ։
«Բայց հասարակության մեջ տագնապի զգացումն ավելի է խորացել։ Անգամ Հայաստանի իշխանության ներկայացուցիչը խոստովանեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացից հրաժարվելու դեպքում պատերազմ կարող է սկսվել։ Սա նշանակում է, որ գործընթացն ընթանում է ուժի կիրառման սպառնալիքի ներքո, որն արդեն հակասում է միջազգային իրավունքին և մեր պետական շահերին»,- նշել է նա։
Այվազյանը համոզմունք է հայտնել, որ միջազգային տարբեր դերակատարների ողջույնի խոսքերը չեն կարող համարվել ցուցիչ, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է։
Նա հիշեցրել է, որ այդ նույն միջազգային հանրությունը լռել է Ադրբեջանի 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած հանցագործությունների, այդ թվում՝ Արցախի հայաթափման ժամանակ։
Ընդ որում, պատերազմի ռիսկերն իսկապես նվազեցնելու համար անհրաժեշտ է միջազգային դերակատարների մասնակցությամբ այնպիսի միջավայր ստեղծել, որպեսզի հարցերը լուծվեն փոխադարձ, այլ ոչ թե միակողմանի զիջումների հիման վրա»,- հավելել է նախկին նախարարը։
Նա պարզաբանել է, որ «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը չի խոսում իշխանափոխության մասին, այլ մատնանշում է հարցերի լուծման այլընտրանքային ուղիներ։
Այվազյանը վստահեցրել է, որ Հայաստանի ԱԳՆ-ում իր պաշտոնավարման ընթացքում Ալմա-Աթայի հռչակագիրը չի շրջանառվել.
«2020 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ իր մոտեցումներով, թե ինչ սկզբունքներով պետք է իրականացվի սահմանազատման և սահմանագծման գործընթացը, այն է՝ քաղաքական երկխոսություն և ուժի օգտագործման կամ դրա կիրառման սպառնալիքի բացառում»,- ասել է նա։
Նախկին նախարարը կոչ է արել այն հարցը, թե որտեղից է օրակարգ մտել այս հռչակագիրը, ուղղել Հայաստանի ներկայիս կառավարությանը։