Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն իր իսրայելցի գործընկեր Բենիամին Նեթանյահուի հոտ զրույցում հայտարարել է, որ ի պատասխան Իրանի հարձակման՝ «եկել է հանգստություն ցուցաբերելու ժամանակը»։
Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ հեռախոսազանգից հետո վարչապետի խոսնակը հայտնել է, որ Սունակը վերահաստատել է Միացյալ Թագավորության անսասան աջակցությունն Իսրայելի անվտանգությանը և ընդհանրապես տարածաշրջանային կայունությանը:
«Վարչապետ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորությանը՝ արագ և վճռական աջակցության համար շաբաթ օրը Իրանի անխոհեմ և վտանգավոր հարձակումից հետո», - ասված է բրիտանական կառավարության հաղորդագրությունում:
Սունակն ընդգծել է, որ լարվածության սրացումը ոչ մեկի շահերից չի բխում և միայն կխորացնի անկայունությունը Մերձավոր Արևելքում։ Իսրայելի վարչապետին Սունակն
ասել է նաև, որ խիստ անհանգստացած է Գազայում խորացող հումանիտար ճգնաժամով:
«Մեծ Բրիտանիան հումանիտար օգնության հասանելիության հարցում լուրջ փոփոխություններ է ուզում տեսնել՝ Գազայի կենսականորեն կարևոր մատակարարումներն ապահովելու, ինչպես նաև Իսրայելի կողմից օգնության նոր ուղիները հնարավորինս արագ բացելու համար»,- ասել է մամուլի խոսնակը: