Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Քրիս Մինսը հայտարարել է, որ երկուշաբթի օրը Սիդնեյի քրիստոնեական եկեղեցիներից մեկի ծխականների և եպիսկոպոսի վրա կատարված հարձակումը համարվում է ահաբեկչական գործողություն։
Մինսն ասել է, որ նահանգի ոստիկանությունը «գիշերը տեղեկացրել է, որ հարձակումը ահաբեկչական միջադեպ էր»: «Ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումներին հանձնարարվել է հետաքննել ահաբեկչությունը և անկարգությունները, որոնք տեղի են ունեցել եկեղեցու մոտ [երկուշաբթի օրը]: Ռեսուրսներ են հատկացվել նաև Սիդնեյում այլ կրոնական կազմակերպությունների և կառույցների հետ աշխատելու համար՝ վրեժխնդրությունից կամ պատասխան բռնությունից խուսափելու համար», - ասել է նա:
Նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»: «Դեպքը ահաբեկչություն ճանաչելու որոշումը թելադրված էր նրա պահվածքով։ Նա եկեղեցի էր մտել դանակով և դանակահարել հոգևորականներին և ծխականներին», - ասել է նահանգի ոստիկանության կոմիսար Կարեն Ուեբը: Նա նաև նշել է, որ քննիչները համոզված են «հանրությանը վախեցնելու հարձակվողի ցանկության մեջ»: «Մենք կարծում ենք, որ նրա դրդապատճառները կրում էին կրոնական ծայրահեղականության բնույթ», - պարզաբանել է կոմիսարը:
Սիդնեյի Ուեյքլի արվարձանում (գտնվում է քաղաքի կենտրոնից 30 կմ դեպի արևմուտք) կաթոլիկ եկեղեցու հոգևորականների և ծխականների վրա հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան ժամերգության ժամանակ։ Հարձակման հետևանքով վիրավորվել է երկու հոգևորական և չորս ծխական։ Հարձակվողը ձերբակալվել է, իսկ տուժածները միջին ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են։