News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

2022թ. Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետ կապված հայկական կողմը կդիմի միջազգային քրեական դատարանին, երբ ստեղծվեն Կանոնադրությամբ սահմանված անդամ պետության գործառույթների իրականացման ներքին իրավական հիմքեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ամփոփելով գրավոր հարցումներին ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարությունից և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից ստացված պատասխանները:

Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի մեջ է մտել Միջազգային քրեական դատարանի Հռոմի Կանոնադրությունը:

Հայաստանը ստորագրել է Հռոմի Կանոնադրությունը 1999 թվականին և վավերացրել այն 2023 թվականի հոկտեմբերի 3-ին: Հիմք ընդունելով Հռոմի Կանոնադրության 12.3 հոդվածը Հայաստանը նաև հետադարձությամբ ընդունել է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը 2021 թվականի մայիսի 10-ից: Հաշվի առնելով Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու հանգամանքը, NEWS.am-ը ՀՀ իրավասու մարմիններից հետաքրքրվել էր՝  արդյոք Հայաստանը դիմե՞լ է Միջազգային քրեական դատարանին ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի կողմից 2022թ. իրականացված պատերազմական հանցագործությունների հետ կապված:

Հարցին ի պատասխան՝ արդարադատության նախարարությունից պաշտոնապես հայտնել են, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումից հետո Արդարադատության նախարարության, որպես ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի, համակարգմամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում ներպետական կառուցակարգերի ապահովման, իրավակիրառների վերապատրաստման և այլ ուղղություններով:

«Այս համատեքստում Արդարադատության նախարարությունը մշակել է «Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին» օրենքի նախագիծը՝ հիմքում դնելով այն տրամաբանությունը, որ Միջազգային քրեական դատարանի քննարկմանը կոնկրետ իրավիճակներ ներկայացնելու իրավասություն ունի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը»,-ասված է ԱՆ գլխավոր քարտուղարի պատասխանում:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ NEWS.am-ին տեղեկացրել է,  որ Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությանն անդամակցելու գործընթացի հետ մեկ տեղ ընթանում է Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված ներպետական օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացման գործընթաց, որի արդյունքում նախատեսվում է ընդունել Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին օրենք, ինչպես նաև մի շարք գործող ՀՀ օրենքներում կատարել փոփոխություններ, այդ թվում նաև «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում։

«Տվյալ փոփոխությունների նպատակն է նաև Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունների սահմանումը Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության համակարգման և Կանոնադրությամբ սահմանված անդամ պետության գործառույթների իրականացման ներքին իրավական հիմքեր ստեղծելու, այդ թվում նաև Միջազգային քրեական դատարանի Կանոնադրության 14-րդ հոդվածով նախատեսված գործողություններն իրականացնելու առումով»,-նշել է Եղիշե Կիրակոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ