News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի արգելքի վերաբերյալ Բելառուսից պաշտոնական գրություն դեռ չի ստացել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՍԱՏՄ-ից։

Նշենք, որ «Այրում» նռան գինու բաղադրության մեջ լաբորատոր հետազոտությունների արդյունքում  հայտնաբերվել է  սինթետիկ ներկանյութ, ինչը վկայում է այն մասին, որ ապրանքը կեղծ է։

Այսպիսի պատճառաբանությամբ է Բելառուսի գլխավոր սանիտարական բժիշկ, առողջապահության նախարարի տեղակալ Ալեքսանդր Տարասենկոն որոշում կայացրել արգելել «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումն ու իրացումը հանրապետության տարածքում։ Որոշումը ստորագրվել է մարտի 19-ին։ Ըստ այդմ՝ դադարեցվել է նաեւ հայկական ընկերության տվյալ գինու շրջանառությունը, քանի որ դրա բաղադրությունը  չի համապատասխանում Բելառուսի օրենսդրական պահանջներին։ 

Գինին պատկանում է  «Արարատի կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը գործունեություն է ծավալում Արարատի մարզի Արարատ գյուղում։  Ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին։

Նշենք, որ ընկերությունը արգելքի վերաբերյալ հայտարարություն չի տարածել։ Ընկերության ներկայացուցիչների հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց։ 

Նկատենք, որ սա վերջին շրջանի առաջին դեպքը չէ, որ ԵԱՏՄ անդամ երկիրն արգելում է հայկական արտադրանքի վաճառքն իր երկրում։ Նախ խնդիրներ առաջացան ռուսական շուկա հայկական կաթնամթերքի ատահանման հետ, ապա շուրջ մեկ ամիս Ռուսաստանի Դաշնությունը արգելեց  «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակի վաճառքը՝ պատճառաբանելով, որ իր քաղաքացիներից մեկը կերակրափողի այրվածք է ստացել, երբ խմել է «Ջերմուկ» հանքային ջրի չբացված շշի պարունակությունը, որն ավելի ուշ պարզվել է՝ քացախ է։ Դրանից հետո «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է Հայաստանից արտահանված ձկնկիթում «խախտումների հայտնաբերման» մասին։ 

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության ֆոնին տեղի ունեցող այս զարգացումները շատ վերլուծաբաններ կապեցին քաղաքական իրադարձութոյւնների հետ։ Արդյո՞ք Բելառուսական արգելքը նույնպես քղաքական մեսիջ է Հայաստանին, որը շարունակում է մերձենալ Արեւմուտքի հետ։

Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բրյուսելում   հանդիպել էր Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային։ Ինչպես բելառուսական լրատվականներից մեկն էր հայտնել, նրանք քննարկել էին Հայաստանում ձերբակալված բելառուսի քաղաքացի Յարոսլավ Նովիկովի հարցը։ Նովիկովը, որը Բելառուսի իշխանությունների կողմից հետախուզվում է զորակոչից խուսափելու մեղադրանքով, մի քանի այլ անձանց հետ կալանավորվել է Հայաստանում։ Ըստ բելառուսական լրատվամիջոցի՝ Սիմոնյանը Տիխանովսկայային խոստացել է, որ Հայաստանը կալանավորվածին չի արտահանձնի Բելառուս։ 

Հայկական գինու վերաբերյալ բելառուսական արգելքից հետո վերլուծաբանները, հասարակական քաղաքական գործիչները հիշեցրել են այս հանդիպումը եւ դա անմիջականորեն կապել կատարվողի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ