News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Աշխարհի բնակչությունը կսկսի նվազել մոտակա տասնամյակների ընթացքում՝ 14-րդ դարի սև մահվան համաճարակից հետո առաջին անգամ, ծնելիության կտրուկ նվազման պատճառով: Դրա մասին հայտնել է Telegraph-ը՝ հղում անելով Lancet ամսագրի՝ ամբողջ աշխարհում ծնելիության վերաբերյալ կատարած հետազոտությանը։

Պարբերականը նշել է, որ բնակչության աճ ապահովելու համար ծնելիությունը պետք է լինի 2,1 երեխա մեկ կնոջ հաշվով, մինչդեռ 2021 թվականին համաշխարհային ծնելիությունը 2,23 էր։ Այնուհադերձ, Lancet-ի հոդվածի հեղինակները մատնանշում են ծնելիության կարևորության կայուն նվազման միտումը. եթե 1950 թվականին ծնելիության համաշխարհային ցուցանիշը մեկ կնոջ հաշվով 4,84 էր, ապա 2050 թվականին այն կանխատեսվում է 1,83, իսկ 2100 թվականին՝ 1,59։

Ըստ Lancet-ի՝ 2021 թվականին ծնելիության համաշխարհային մակարդակով առաջատարներն էին Չադը, Նիգերիան և Սոմալին, որտեղ այդ ցուցանիշը համապատասխանաբար 6,99, 6,97 և 6,54 էր։ Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում ծնելիության մակարդակը 2021 թվականին կազմել է համապատասխանաբար 1,48, 1,49 և 1,64:

Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը Ռուսաստանում ծնելիության մակարդակը կնվազի մինչև 1,33, իսկ մինչև 2100 թվականը՝ ընդհուպ 1,21: Օքսֆորդի համալսարանի ժողովրդագրական գիտությունների բաժնի տնօրեն Մելինդա Միլսը թերթին ասել է, թե, հաշվի առնելով բնակչության թվաքանակի անկման միտումները և բնակչության ծերացումը, հասարակության կյանքի հիմնական տարրերի «վերակազմավորում» կպահանջվի:

«Սկսած պարենային անվտանգությունից և վերջացրած երկրների ենթակառուցվածքներով՝ բնակչության կառուցվածքն անդրադառնում է ենթակառուցվածքների՝  դպրոցների, բնակարանների, տրանսպորտի, առողջապահության և կենսաթոշակների վրա», - ասել է Միլսը:

Հետազոտության համահեղինակ, Վաշինգտոնի համալսարանի Առողջապահության չափանիշների և գնահատման ինստիտուտի (IHME) առաջատար հետազոտող Նատալյա Բհաթաչարջին նախազգուշացրել է բնակչության թվի նվազման պատճառով «ներգաղթյալների համար մրցակցության» մասին:

«Ներգաղթին առնչվող մարտահրավերների համապարփակ ընդունումն էլ ավելի կարևոր կլինի այնպիսի միջավայրում, որտեղ տնտեսական աճը խթանելու նպատակով կոշտ մրցակցություն կլինի ներգաղթյալների համար», - նշել է Բհաթաչարջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ