News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

Անցած տարին հայաստանյան բանկերն ամփոփեցին կապիտալի և իրացվելիության բարձր պաշարով, ինչն անհրաժեշտ նախապայման է ապագա հնարավոր ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմակայունությունը երաշխավորելու համար։ Ներկայում ֆինանսական համակարգում առկա են բոլոր նախադրյալները հետագա կայուն զարգացման, տնտեսության ֆինանսավորման և որակյալ սպասարկման համար:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Հարցազրույցում նա  անդրադարձել է  անցած տարվա ֆինանսական համակարգի խնդիրներին, գնաճի ու տնտեսական աճի, վարկերի ու ավանդների  ցուցանիշներին, դրամի փոխարժեքի վրա ազդեցություններին, ընթացիկ տարվա համար կանխատեսումներին և այլ թեմաների։

Պարոն Խաչատրյան, 2023 թվականին հիմնականում ի՞նչ գործոններ էական ազդեցություն ունեցան ՀՀ ֆինանսական համակարգի վրա՝ և դրական, և բացասական իմաստով։ Որքանո՞վ լուծվեցին ի հայտ եկած խնդիրները, և այս տարի ի՞նչ խնդիրներ չեք բացառում ֆինանսական համակարգում։

Չնայած բոլոր դժվարություններին՝ 2023 թվականը կարելի է համարել ֆինանսական համակարգի կայուն զարգացման տարի: Հիմնական մարտահրավերը կապված էր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրադարձությունների հետ:

Կարևոր է ընդգծել, որ 2023 թվականը բանկերն ամփոփեցին կապիտալի և իրացվելիության բարձր պաշարով, ինչն անհրաժեշտ նախապայման է ապագա հնարավոր ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմակայունությունը երաշխավորելու համար: Բացի այդ, բանկային հատվածում արձանագրվեց բավարար շահութաբերություն՝ լրացուցիչ խթան հանդիսանալով ինչպես կապիտալի պաշարների ընդլայնման, այնպես էլ տնտեսության բնականոն վարկավորման համար: Ինչ վերաբերում է 2024 թվականին, ապա ֆինանսական համակարգում առկա են բոլոր նախադրյալները հետագա կայուն զարգացման, տնտեսության ֆինանսավորման և որակյալ սպասարկման համար:

Որքա՞ն է կազմել հանրապետությունում արձանագրված գնաճն անցած տարի։ Ինչո՞վ է պայմանավորված եղել այդ ցուցանիշը և ինչպիսի՞ն է այն նախորդ տարվա համեմատ։ Այս տարվա համար ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2023-ի դեկտեմբերին Հայաստանում արձանագրվել է գնանկում, ինչը 12-ամսյա կտրվածքով կազմել է 0.6 տոկոս: ԿԲ-ի խորհուրդն իր քննարկումներում բազմիցս արձանագրել է, որ վերջին շրջանում գնաճի զարգացումներում էական են արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունները: Դրանք դրսևորվում են հիմնականում ներմուծվող սննդամթերքի, ինչպես նաև ոչ պարենային ապրանքների մասով: Այսպես՝ օրինակ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ներմուծված պարենի գները նվազել են 7.9 տոկոսով, իսկ ոչ պարենի մասում ունենք 0.1 տոկոս գնաճ: Սա նաև նախորդ տարիներին ձևավորված շատ բարձր գների մակարդակից աստիճանական նվազման արտացոլում է: Համավարակից հետո մենք ունեինք մի իրավիճակ, երբ միջազգային ապրանքահումքային շուկաներում գները կտրուկ բարձրացել էին՝ պայմանավորված համաշխարհային արժեշղթաների խաթարումներով, ինչը հետագայում ավելի սրվեց աշխարհաքաղաքական լարվածության ավելացմամբ: Արժեշղթաների աստիճանական վերականգնման և գործընկեր հիմնական երկրներում զսպող դրամավարկային քաղաքականության իրականացման արդյունքում միջազգային շուկաներում գներն աստիճանաբար նվազեցին, ինչն էլ արտացոլվեց նաև 2023 թվականի ՀՀ գնաճի ցուցանիշներում: Գնաճի նվազեցման վրա իր էական ազդեցությունն ունեցավ նաև 2022 թվականին դիտարկված ՀՀ դրամի արժևորումը գործընկեր երկրների արժույթների նկատմամբ:

Կարևոր է նշել նաև, որ վերջին տարիներին ՀՀ գնաճի զարգացումներում էական դերակատարում է ունեցել նաև բարձր պահանջարկը: 2022 թվականից սկսած՝ դա հիմնականում արտահայտվում էր միջազգային այցելուների մեծ ներհոսքի հետևանքով ձևավորված արտաքին բարձր պահանջարկով, ինչը որոշակի թուլացավ 2023 թվականին: Իսկ 2023 թվականին էական դարձավ շինարարության ու ծառայությունների ոլորտում ներքին պահանջարկի արագացումը: ԿԲ գործողություններն այս ողջ ընթացքում միտված են եղել կարգավորելու ավելցուկային պահանջարկը և թույլ չտալու գնաճային սպասումների հնարավոր ապախարսխման դրսևորումներ:

Ըստ ԿԲ-ի գնահատումների՝ 2024 թվականից սկսած աստիճանաբար գնաճը կավելանա և միջնաժամկետ 3 տարվա հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս մակարդակին: Իհարկե, հրապարակված դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացված են նաև ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ, որոնք կարող են դրսևորվել ավելի բարձր գնաճային կամ ավելի ցածր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Սակայն ցանկացած սցենարի դեպքում մեկ բան հստակ է, որ ԿԲ-ն, անկախ զարգացումներից պատրաստ և հետևողական է լինելու միջնաժամկետում գնաճի թիրախի և երկրում գների կայունության նպատակի իրագործման հարցում:

Անցած տարի ինչպիսի՞նն էին դրամի դիրքերը, ի՞նչ գործոններ են ազդել դրանց վրա:

2023 թվականի ընթացքում, թեև ավելի մեղմ տեմպերով, սակայն հիմնականում շարունակվել են դեռևս 2022 թվականից դիտարկվող միտումները՝ պայմանավորված միջազգային այցելուների ու զբոսաշրջիկների, ինչպես նաև ֆինանսական ու կապիտալի զգալի ներհոսքով: Սա էլ արտացոլվել է դրամի փոխարժեքի արժևորման միտումներում: 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին արցախյան իրադարձությունների ֆոնին շուկայում անորոշության ու մտահոգությունների որոշակի աճ գրանցվեց, ինչն էլ արտացոլվեց նաև արժութային շուկայում տատանողականության որոշակի աճով: Վերջինս, ըստ էության, կարգավորվեց, երբ անորոշությունների ֆոնը որոշակի մեղմվեց ու դրամի փոխարժեքը կայունացավ:

Ընդհանուր առմամբ ի՞նչ էական փոփոխություններով էր առանձնանում 2023-ը ֆինանսական կայունության, ռիսկերի տեսանկյունից։ Որքանո՞վ հաջողվեց հաղթահարել այդ առումով առկա խնդիրներն ու դրական արդյունքներով եզրափակել տարին։ Ի՞նչ սպասել այս տարի։ Ինչպիսի՞ն են ֆինանսական կայունությանը  ԿԲ-ի կողմից միտված քայլերը և նոր տարվա ի՞նչ կանխատեսումներ կան։

Ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերի մասով հարկ է առանձնացնել աշխարհաքաղաքական անորոշությունների գործոնը։ Հաջորդ ռիսկը, որին ԿԲ-ն բազմիցս անդրադարձել է իր հրապարակումներում, վերաբերում է վերջին տարիներին անշարժ գույքի շուկայում հնարավոր գերտաքացման միտումներին:

Վերոնշյալ ռիսկերը հասցեագրելու նպատակով Կենտրոնական բանկը տարվա ընթացքում աստիճանաբար բարձրացրել է  բանկային համակարգի կապիտալի պահանջները՝ 2023 թվականի օգոստոսից կապիտալի հակացիկլիկ բուֆերի դրույքաչափը սահմանելով 1.5 տոկոս: Հիփոթեքային վարկային ռիսկերի զսպման նպատակով դեռևս 2022 թվականից ներդրվել են վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն սահմանաչափի պահանջները (90 տոկոս դրամային վարկերի դեպքում): Այս համատեքստում հարկ է հիշատակել նաև «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում 2023 թվականին կատարված փոփոխությունները, որով արգելվեց ռեզիդենտներին արտարժութային հիփոթեքային վարկերի տրամադրումը: Նվազագույն պահանջներ մտցվեցին նաև կառուցապատման հատուկ հաշիվների մնացորդների նկատմամբ:

Ֆինանսական համակարգի կայունության ապահովմանն ուղղված ԿԲ գործողությունները 2024 թվականին կածանցվեն մակրոֆինանսական պայմաններից, անորոշություններից և համակարգային ռիսկերից։

Արտարժութային շուկայում հնարավո՞ր եք համարում հանկարծակի կտրուկ տատանումներն այս տարի։ Ի՞նչ հնարավորություններ կան այդ առումով կայունության  պահպանման համար:

Նախ պետք է նշեմ, որ ՀՀ-ում փոխարժեքը ազատ լողացող է, այն որոշվում է շուկայական գործոնների համադրությամբ, և Կենտրոնական բանկը չի դիտարկում փոխարժեքը որպես նպատակ: Հատկանշական է, որ կախված տնտեսության զարգացման նախանշվող տարբեր սցենարներից՝ կապված զբոսաշրջության, դրամական փոխանցումների և այլ ֆինանսական հոսքերի, արտահանման և ներքին պահանջարկի հավանական զարգացումների հետ, հնարավոր են փոխարժեքի թե՛ արժևորման, թե՛ արժեզրկման սցենարներ: Պետք է փաստել նաև, որ առանձին իրավիճակներում, պայմանավորված ֆինանսական մեծածավալ հոսքերով ու շուկայական սպասումների արագ փոփոխություններով, արժութային շուկայում հնարավոր է դրսևորվի տատանողականության աճ:  ԿԲ-ը հավատարիմ է մնում լողացող փոխարժեքի սկզբունքներին, և միայն ֆինանսական շուկաներում բնականոն գործունեության խաթարման ռիսկերի դեպքում պատրաստ է միջամտել՝ ապահովելու շուկայի բնականոն գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆինանսների նախարարը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին
Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրել է պալատի՝ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը, որը հաստատվել է պալատի...
Եվրոյի եւ դոլարի փոխարժեքները աճել են. թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 27-ին, կազմել է...
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ շաբաթվա ամփոփումը
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 92 տուփ ծխախոտ…
ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը չորս ամսում աճել է 13,2 տոկոսով. Գնանկում է արձանագրվել
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ...
Արմավիրում գործող շինըկերությունում բետոնահանգույցի գործունեությունը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են...
18 մետրանոցները նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Ավինյանը՝ 250 ավտոբուսների մասին
Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական...
Ամենաշատ