News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ԼՂՀ Մարտունու շրջանում գտնվող Ամարաս վանական համալիրի Սուրբ Գրիգորիս եկեղեցու պատուհանները եվրո են: Դրանք 4-րդ դարի սկզբում կառուցված վանքին կպած մարդու ձեռքերի միակ մատնությունն են: Ամարաս վանական համալիրն այնքան միաձույլ է բնությանը, որ թվում է` անձեռակերտ է: Դարեր առաջ կառուցված շինությունը որքան որ հզոր է` տարիներն իրենցն արել են. քանդվել են դեռեւս 4-րդ դարում կառուցված վանական համալիրի շինությունները, եկեղեցու՝ պատերազմի ժամանակ կրակոցներից վնասված պատերը, մատուռը, որտեղ թաղված է Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը: (ֆոտոռեպորտաժ)

17 դար անց վանքը վերանորոգելու փորձերը աղավաղել են հնագույն շինության դեմքը, որը դեռեւս 5-րդ դարի  սկզբին երկրամասի խոշոր կրոնական կենտրոնն էր եւ հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի կողմից բացված հայկական առաջին դպրոցներից մեկը:

Հնագետ Համլետ Պետրոսյանն իր բացատրությունն ունի.  պատմամշակութային կոթողի վերականգնման, վերանորոգման աշխատանքներով պարտադիր է, որ հատուկ մասնագետներ զբաղվեն, որոնք գիտեն նման պարագայում ինչպես պահպանել եկեղեցին ոչ միայն որպես շինություն, այլեւ մշակութային արժեք. «Հարմարավետությունը եւ ճարտարապետական ոճը պետք է այնպես համադրել, որպեսզի նման խնդիրներ չծագեն: Դրա համար կարիք չկա մեծ գիտելիքներ ունենալ, պետք է մասնագետ լինել: Ցանկացած այցելու, որ գնում տեսնում է այդ պատուհանները, հասկանում է` դրանք հարազատ չեն ավանդական ճարտարապետությանը: Սա խոսում է մասնագիտական դաշտի բացակայության մասին, եւ հենց այս պատճառով է, որ մշակութային ասպարեզում մենք  այսպիսի խնդիրներ ունենք»:

Համաձայն Արցախի Թեմի պատասխանատուների բացատրության, վանքի հին պատուհանները օգտագործման համար անպիտան են եղել եւ որոշվել է ժամանակավորապես տեղադրել մետաղապլաստե հիմքով պատուհաններ: Ճարտարապետ, Ամարասի ռեստավրատոր Մանուշակ Տիտանյանն էլ նշում է՝ հոգեւորականների այս քայլն անընդունելի է եւ արդեն որոշում կա փոխել ոչ միայն եկեղեցու մետաղապլաստե պատուհանները այլեւ տանիքը, որը նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում: ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարությունից էլ հաստատում են` համապատասխան ցուցումներ արդեն տրվել են: 

Պատկան մարմինների խոսքով, վանական համալիրի վերականգնման համար շուրջ  500 միլիոն ՀՀ դրամ է հարկավոր, ինչը հինգ անգամ գերազանցում է հուշարձանների պահպանության բնագավառին հատկացվող տարեկան ֆինանսավորումը: Վանական համալիրի ռեստավրատոր Մանուշակ Տիտանյանի խոսքով՝ համալիրն ամբողջական վերականգնման կարիք ունի, որի համար դեռ համապատասխան ֆինանսական միջոցներ չկան. հույսը բարերարներն են:

Քանդված ու քարքարոտ ճանապարհներով տարեկան մի քանի հարյուր զբոսաշրջիկ աշխարհի տարբեր անկյուններից գալիս են գոնե մեկ անգամ տեսնելու Ամարասը։

Մինչ կվերականգնեն վանքի նախկին տեսքը, բազմաթիվ զբոսաշրջիկներ Ամարասը եվրոպատուհաններով կճանաչեն, նրանց հիշողության մեջ կմնան նաեւ 19-րդ  դարի հսկա թթենիները, որոնց վրա դեռ մնացել են 25 տարի առաջ Արցախի ազատագրման համար մղվող պատերազմից մնացած հետքերը....

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ