Ես միշտ խաղացել եմ իմ ներուժի միայն 30 տոկոսով. Էրիկ Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզիկների սպորտային կյանքը երկար չէ, սակայն երբեմն մեկ պահն էլ բավական է մարդկանց հիշողություններում հավերժ մնալու համար: Հայկական ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը Էրիկ Վարդանյանն էր: Օրեր առաջ 24-ամյա Վարդանյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Վարդանյանի հետ խոսել ենք ֆուտբոլային հիշարժան դրվագներից, ամենավառ հիշողություններից, կարիերան ավարտելու որոշման մասին:
-Էրիկ, հիմա արդեն ավարտել եք ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան: Բայց հետահայաց նայելով՝ ե՞րբ սկսվեց ֆուտբոլում Ձեր ճանապարհը:
-Ֆուտբոլ խաղալ սկսել եմ 6 տարեկանից` հաճախելով «Բանանց»-ի ակադեմիա (նախկին Ուրարտու»): Եթե անկեղծ, երբ նոր էի սկսել խաղալ, այնքան էլ չէի սիրում ֆուտբոլը: Բայց ժամանակի ընթացքում սերը դեպի ֆուտբոլը ավելացավ, և 7-8 տարեկանից էր, որ հասկացա` պետք է ամեն ինչ անեմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու համար: «Բանանց»-ի ակադեմիայում անցկացրած առաջին իսկ մարզումից ամեն ինչ հաջող ստացվեց. մարզիչներն էլ շատ տպավորված էին: Երբ սկսեցի հաճախել ակադեմիա, ինձնից մեկ տարի մեծ տարիքայինների խմբում էի մարզվում:
-Արդյոք կա՞ ֆուտբոլիստ, ով Ձեզ համար օրինակ է եղել:
-Այո, Իսպանիայի և կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան և Ֆրանսիայի հավաքականից Զինեդին Զիդանը:
-Դուք 5 տարի սովորել եք կատալոնական «Բարսելոնա»-ի ակադեմիայում: Հայաստանի նման փոքր երկրի համար՝ բացառիկ երևույթ: Ի՞նչ տվեց ձեզ այդ ուսումնառությունը:
-Հիմա, երբ արդեն ավարտեցի ֆուտբոլիստի կարիերան, ինձ մոտ տպավորություն է, որ ամեն ինչ իզուր էր: Բայց ֆուտբոլում կայանալու համար այդ տարիները «Բարսելոնա»-ի ակադեմիայում շատ բան են տվել ինձ, թե գնդակի հետ վարվելաձևի, թե տեխնիկայի առումով: Հետո խաղադաշտում ինչ արել եմ, հասկացել եմ` բազային հիմքը եղել է ակադեմիայի տված կրթությունը: Առաջին տարիներին դժվարությունները շատ էին՝ սկսած լեզվական տարբերությունից, իսկ հետո գլուխ բարձրացրեցին մեջքիս ցավերը: Խնդիրը, գուցե, նրանում էր, որ շատ արագ բոյս ավելացավ և այլն: Այդ տարիքում դժվար է միայնակ, ընտանիքից հեռու ապրելը:
-Էրիկ, ժամանակին հայկական ֆուտբոլում մեծ ներուժ և լուսավոր ապագա ունեցող ֆուտբոլիստներից մեկն էիք: Ըստ Ձեզ, ո՞րն էր ձեր ուժեղ կողմը:
-Երբեք ինձ ֆուտբոլային «աստղ» չեմ համարել, սակայն հասկանում էի, որ ունակ եմ ամեն ինչի հասնել: Միշտ վստահություն ունեի անձիս նկատմամբ, մինչ այն պահը, երբ ծնկիս ցավերն ի հայտ եկան և գնալով խնդիրը խորացավ: Վստահությունը քիչ-քիչ նահանջեց, երբ գիտակցում էի, որ թիմակիցներս, տարիքակիցներս առողջ են, իսկ ես «մեկ ոտքով էի» խաղում:
-Ո՞րն է ֆուտբոլային այն ջերմ հիշողությունը, որը ձեզ համար բացառիկ է:
-Իհարկե, ունեմ այդպիսիք: Դրանցից մեկը այն է, երբ Արմեն Գյուլբուդաղյանցն էր մարզում «Փյունիկ»-ը: Մեկնել էինք Կիպրոս: Այդ ժամանակ ծնկիս ցավերը բացարձակ չկային: Հենց այդ ժամանակ էր, որ գիտակցում էի` առավել ուժեղանում էի որպես ֆուտբոլիստ: Գուցե, այդ հիշողությունները նաև լավ են, քանի որ թիմում հիմնականում հայ ֆուտբոլիստներ էին և ընտանեկան մթնոլորտ էր: Բայց դրան հաջորդեցին ծնկիս ցավերը, և դրանից հետո արդեն դժվար էր այդ ցավերով ֆուտբոլից հաճույք ստանալը:
-Եվ, այնուամենայնիվ, ծնկի այդ ցավերի դեմ պայքարի որևէ ելք չկա՞ր: Դուք շատ անգամներ վիրահատվել եք: Չօգնեցի՞ն արդյոք դրանք:
-Ինձնից կախված ամեն ինչ ես արել եմ: Համաձայն էի անգամ ցավերով խաղալուն: Բայց ամեն մարզման ավարտին հասկանում էի` ծնկիս վիճակն ավելի է բարդանում: Նույնիսկ աստիճան բարձրանալիս գիտակցում էի` ցավերն այսքան երկար չեն կարող շարունակվել: Չէի կարող ցավազրկողների միջոցով երկար խաղալ: Ոչ մեկին մեղադրելու չէ: Ոչ մեկ չի հասկանա այն ցավերը, որոնք ունեցել եմ: Բժիշկներն ասում էի, որ վիրահատությունները միշտ նորմալ են եղել, բայց խնդիրներն ի ծնե են եղել: Գուցե, նաև հասունացման շրջանում արագ բոյովանալու հետևանք են:
-Ոչ բոլոր ֆուտբոլիստներին է տրված հավաքականի մարզաշապիկը կրելու, առավելևս՝ նորամուտի խաղում գոլի հեղինակ դառնալու երջանկությունը: Ի՞նչ նշանակություն ունեն ձեզ համար հավաքականում անցկացրած մի քանի հանդիպումները:
-Բելառուսի դեմ խաղից առաջ ինձ հրավել էին երիտասարդական թիմից, և հույս չունեի, որ միանալու եմ հավաքականին: Սակայն հանդիպումից օրեր առաջ հավաքականի գլխավոր մարզչի հետ խոսեցի, ով ասաց, որ 15 րոպե ժամանակ եմ ստանալու այդ խաղում: Հանդիպմանը նախորդող օրերին ինձ համար կրկնում էի, որ պետք է այդ խաղում գոլի հեղինակ դառնամ: Սակայն այլևս հետ չեմ ուզում նայել, անցյալն անցյալ է: Պետք է առաջ նայեմ, որքան էլ որ դժվար լինի: Ես միշտ խաղացել եմ իմ ներուժի միայն 30 տոկոսով:
-Էրիկ, ինչո՞վ եք զբաղվում այժմ, ի՞նչ աշխատանք եք կատարում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում:
- «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի շնորհիվ մնացել եմ հարազատ ակումբում: Լինելու եմ ակումբի սկաուտը, հնարավորինս օգնելու եմ ակումբի գլխավոր ու երկրորդ թիմերին լավ արդյունքներ գրանցել։
-Եվ արդիական ևս մեկ հարց` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր գլխավոր մարզիչ ունի, ի՞նչ կարծիք ունեք նորանշանակ Ալեքսանդր Պետրակովի մասին:
-Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին խիստ մասնագետ է պետք: Լուրջ արդյունքի անհնար է հասնել «փափուկ» մասնագետի հետ: Լսել եմ, որ Պետրակովը խիստ մասնագետ է, և, եթե կարգապահություն լինի թիմում, ապա հնարավոր է լուրջ արդյունք գրանցել: Որակական տեսանկյունից նույնիսկ այն հաջող տարիների հավաքականին այս ընտրանին չի զիջում:
-Էրիկ, ևս մի քանի բլից հարցեր: Պաղպաղակ, թե պիցցա:
-Պիցցա:
-Մեսի, թե Ռոնալդու:
-Մեսի:
-Ծով, թե լեռ:
-Ծով:
-Թոմը, թե Ջերրին:
-Ջերրին:
-Մարադոնա, թե Պելե:
-Մարադոնա:
-Էրիկ, շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի
Լուսանկարները` Հայկ Մանուկյանի
Հետևեք մեզ Ինստագրամում