Երևանում՝ 11:07:36,   30 Հունվար 2023

Բազմաթիվ գրքերի հեղինակ, Լիբանանի Այնճար գյուղի հոգևոր հովիվ Հայր Մեսրոպ վարդապետը համալրեց Հայաստանի գրողների միության անդամների շարքերը

Բազմաթիվ գրքերի հեղինակ, Լիբանանի Այնճար գյուղի հոգևոր հովիվ Հայր 
Մեսրոպ վարդապետը համալրեց Հայաստանի գրողների միության անդամների 
շարքերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի Այնճար գյուղի հոգևոր հովիվ Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանը, որը բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, հունվարի 18-ին դարձավ Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ և գրական վաստակի համար ՀԳՄ մեդալի արժանացավ:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց՝ ծանոթացել է հեղինակի «Դանիէլ Վարուժան՝ հոգեբանութեան ծիրէն ներս» գրքին, որում բազմաթիվ հարցերի պատասխաններ է գտել: «Սա հրաշալի գիրք է, և ես զարմացած եմ, որ գրված է համահայկական միջավայրում, սակայն գիտական աշխատանքներին պատշաճ չեն արձագանքել: Մենք կարծում ենք՝ ճանաչում ենք մեր սփյուռքահայ ստեղծագործողներին, սակայն բացթողումներ են լինում: Կան մեծանուն ստեղծագործողներ, սակայն նրանց անուններն ու ստեղծագործություններն այնքան էլ տարածված չեն»,-շեշտեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանն ավելի քան 70 աշխատությունների հեղինակ է: Ըստ Միլիտոնյանի՝ նա մեծ ներդրում ունի հայ գրական, մշակութային, հոգևոր ասպարեզների զարգացման գործում:

Միջոցառմանը ներկա էր Մարոկկոյում և Թունիսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը, որի միջնորդությամբ կազմակերպվել էր պարգևատրման արարողությունը: Դեսպանն իր աշխատանքային գործունեության ընթացքում բազմիցս հանդիպել է Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանի հետ, և միշտ հիացել է նրա գիտական հետազոտություններով ու զարմացել, որ նման բարձրակարգ մտավորականը հայաստանյան շրջանակներում այնքան էլ հայտնի չէ: «Հենց դա ինձ մղեց փորձել այստեղ ծանոթացնել նրա կատարած վիթխարի աշխատանքին: Նա մեն-մենակ մի ամբողջ ինստիտուտի աշխատանք է  կատարել: «Դանիէլ Վարուժան՝ հոգեբանութեան ծիրէն ներս» հաստափոր հատորը նրա լայնածավալ  գործունեության պերճախոս վկայությունն է»,-ընդգծեց Փոլադյանը՝ բեղուն գործունեություն մաղթելով Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանին, որի մի շարք գրքերի հրատարակմանն աջակցել է  Գրիգոր Ջաբուրյանը:

Ջաբուրյանն իր պարտքն է համարում հայ գրականության, հայ մշակույթի զարգացմանն իր ուժերի ներածին չափով աջակցելը: Կարծում է՝ հայոց լեզուն, որը ճկուն ու ճարտար է, պետք է պատշաճ ներկայացվի դպրոցներում, բուհերում, այլ ուսումնական հաստատություններում: «Շատ հարուստ լեզու ունենք, մեր գիրն ու  գրականությունը մեր ազգի ժառանգությունն են, այնպես որ պետք է տիրապետենք  մեր լեզվին ու ներկայանանք բոլոր ոլորտներում: Որպես հայ իմ պարտքն եմ համարում հայ ազգին օգտակար լինելը»,-նշեց նա:

Գրողների միության անդամակցության քարտն ու ՀԳՄ շքանշանն ստանալուց հետո Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանը խոստովանեց, որ հուզված ու քաջալերված է և առավել եռանդով աշխատելու, գործելու  պատասխանատվություն է զգում:

Որպես աստվածաբան և եկեղեցապատմագետ նա մի շարք աշխատություններ է գրել տարբեր թեմաների  մասին: «Հատկապես ներկայիս իմ սիրանյութն է, նոր բառ եմ ասում, որը պետք է հաճախ գործածել, Մարիամ Սիրամոր, որը կրկին նոր բառ է, որը արդեն գրականություն մեջ է մտնում, մասին գրելը: Ես մարիամաբան, մարիամագետ եմ, այսինքն՝ մեր մատենագրության մեջ, մեր Սուրբ հայրերի և հոգևոր մատենագիրների շրջանում փնտրում, ուսումնասիրում եմ Տիրամոր մասին գրություններն ու համարձակվում եմ ասել, որ մեր ազգը մարիամական, մարիամասեր  է»,-ասաց Հայր Մեսրոպ վարդապետ Թոփալյանը:

Նա նշեց՝ մեր մատենագրության մեջ ճառերը, շարականները անթիվ են ու մեկը մյուսից գեղեցիկ են, բայց մոռացության են  մատնված՝ ինչո՞ւ, չգիտի:

«Պեղել եմ հայ աշխարհիկ բանաստեղծությունների ստեղծագործություններ և անակնկալի կգաք, որ ասեմ՝ գրեթե չկա հայ բանաստեղծ, որը գոնե մի քառյակ կամ տուն գրած չլինի Աստվածամոր մասին: Այդ մասին երկու աշխատություն արդեն հրատարակել եմ, որոնցով անդրադառնում եմ աշխարհիկ հայ բանաստեղծների՝ Տիրամոր (սիրամոր) մասին գրած գործերին: Այդ գրողներից են Դանիել Վարուժանը, Պարույր Սևակը, Ռազմիկ Դավոյանը, ֆրանսահայ Բյուզանդ Թոփալյանը, Միսակ Մեծարենցը և այլք»,-ասաց Տեր Հայրը:

Նա շեշտեց, որ «Դանիէլ Վարուժան՝ հոգեբանութեան ծիրէն ներս» գրքում մի քանի գլուխ է նվիրված Տիրամորը: Վարուժանի նամակներում, քառյակներում ակնհայտ է Տիրամոր՝ հզոր բարեխոսի ներկայությունը: «Իմ խնդիրն է Տիրամորը նվիրված անդրադարձները ներկայացնել հանրությանը. չեմ ցանկանում մարդու մասին գրել:  Առաջիկայում պետք է հրատարակեմ մարիամագիտական մի հատոր՝ Տիրամայրը հայ բանաստեղծության մեջ, Տիրամայրը հայ մատենագրության մեջ, Տիրամայրը Սուրբ Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու գործերում»,-շեշտեց Տեր Հայրը:

Նա հայ ժողովրդին հորդորեց չվհատվել՝ վստահեցնելով, որ ծանր ժամանակները կանցնեն, պետք է ապավինել Աստծո զորությանն ու խնդրել Տիրամոր բարեխոսությունը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]